՛՛Ի ՏԵՐ ՀԱՆԳՉԵՑ ԵՊՀ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉ ԱՐՏԱԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ
50 տարեկան հասակում կյանքից հեռացել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Երջանիկի Մովսիսյանը:
ԵՊՀ պատմության ֆակուլտետն այսօր հայտնել է, որ կյանքից անժամանակ հեռացել է հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Երջանիկի Մովսիսյանը: Ֆակուլտետի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողներն իրենց խորին ցավակցությունն են հայտնում գիտնականի հարազատներին և ողջ պատմագիտական համայնքին, քանի որ նրա կորուստը շատ մեծ է հայագիտության և առհասարակ հայ պատմագիտական մտքի համար:
Արտակ Մովսիսյանը ծնվել է 1970 թ. ապրիլի 10-ին Աբովյան քաղաքում: 1986 թ. ավարտել է տեղի թիվ 7 միջնակարգ դպրոցը: 1988-1990 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: Այնուհետև ընդունվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետ, որն ավարտել է էքստերն կարգով 1994 թ.: 1997 թ. ավարտել է ասպիրանտուրան և պաշտպանել թեկնածուական, իսկ 2015 թ.՝ դոկտորական ատենախոսություն: 2008 թ. նրան շնորվել է դոցենտի, 2016 թ.՝ պրոֆեսորի կոչում: 1991-1997 թթ. եղել է Հայաստանի պատմության պետական թանգարանի գիտաշխատող: 1998-ից դասախոսել է ԵՊՀ հայոց պատմության ամբիոնում: 2016-ից նույն ամբիոնի վարիչն էր: Համատեղությամբ աշխատել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում. 1997-ից եղել է գիտաշխատող, 2004-ից՝ ավագ գիտաշխատող: 2016-ից առաջատար գիտաշխատող էր:
Արտակ Մովսիսյանի գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում էր հայոց պատմության հնագույն և հին շրջանը, հնագույն հայկական պետությունները, մեհենագրությունը և այլն: Հեղինակ է ավելի քան հինգ տասնյակ հոդվածների, երեք տասնյակ մենագրությունների (հրատարակված բազմաթիվ լեզուներով), տասից ավելի դպրոցական և բուհական դասագրքերի, ուսումնամեթոդական աշխատանքների: Մենագրություններից են՝ «Վանի թագավորության (Բիայնիլի, Ուրարտու, Արարատ) մեհենագրությունը» (Եր., 1998), «Նախամաշտոցյան Հայաստանի գրային համակարգերը» (Եր., 2003), «Հայաստանը Ք. ա. երրորդ հազարամյակում (ըստ գրավոր աղբյուրների)» (Եր., 2005), “The Writing Culture of pre-Christian Armenia” (Yerevan, 2006), “Das heilige Hochland: Die spirituell-geografische Bedeutung Armeniens in den Aufzeichnungen des Alten Orients” (Wambach, 2013):
Նշանավոր պատմաբանը նաև գիտահանրամատչելի բազմաթիվ ֆիլմերի հեղինակ է: Դիտողների լայն լսարանի սիրելի ֆիլմերն են դարձել «Տիգրան Մեծ. հայրենապաշտ տիրակալը», «Նեմրութ. արև-արքայի մեծ սրբավայրը», «Արարատ-Ուրարտու թագավորությունը», «Հազարամյակների ճամփորդը. Երևան», «Արտավազդ Բ. պատիվը՝ կյանքից վեր», «Ժայռապատկերներից մինչև այբուբեն», «Հռոմից ավելի հին մայրաքաղաքը», «Պատմության կեղծարարները. Ադրբեջան», «Դրամապատում. հայոց դրամաշրջանառության պատմությունը» և այլն:
Իր հրատարակված առաջին մենագրության («Հնագույն պետությունը Հայաստանում. Արատտա (Ք.ա. 28-27-րդ դարեր)», Եր., 1992 թ.) համար 1994 թ. ճանաչվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Երիտասարդ գիտնականներ» մրցույթի հաղթող: 2015 թ. պարգևատրվել է ԵՊՀ ոսկե մեդալով, իսկ 2016 թ.՝ ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալով:
Արտակ Մովսիսյանն աչքի է ընկել իր հասարակական ակտիվ կեցվածքով, ազգային արժեքների պահպանման և սերունդներին փոխանցելու անկոտրում նվիրումով: