ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Ազգային ինքնություն և վերլուծական միտք. ինչպե՞ս հզորացնել պատմության դասավանդումը Սփյուռքում

Հեղինակ՝ Մհեր Հովհաննիսյան Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ

2012 թվականից ի վեր իմ մասնագիտական հետաքրքրությունների կենտրոնում Սփյուռքում Հայոց պատմության դասավանդման մեթոդաբանական խնդիրներն են։ Լիբանանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի հայկական ամենօրյա ու մեկօրյա վարժարաններում իրականացրած դասալսումները, գործընկերներիս հետ քննարկումները և ԱՄՆ ազգային վարժարանների համար «Իմ հայրենիքը» դասագրքի հեղինակումը հնարավորություն են տվել ինձ ավելի խորքային պատկերացում կազմել առկա մարտահրավերների մասին և առաջարկել հնարավոր լուծումներ մեր կրթական ներուժն առավել արդյունավետ իրացնելու համար։

Ինքնության պահպանումը՝ որպես վերլուծական գործընթաց

Սփյուռքի հայկական դպրոցը մեր ինքնության պահպանման առանցքային հարթակն է։ Այսօրվա փոփոխվող աշխարհում, սակայն, միայն տեղեկատվության փոխանցումը բավարար չէ։ Դիտարկումները ցույց են տալիս, որ դասավանդման մեջ դեռևս գերակշռում է իրադարձությունների պարզ հաջորդական շարադրանքը։

Մինչդեռ ազգային արժեքների փոխանցումն առավել ամուր հիմքերի վրա է դրվում, երբ այն զուգորդվում է պատմական իրողությունների պատճառահետևանքային քննությամբ։ Հենց վերլուծական մոտեցումն է, որ ազգային հպարտությունը վերածում է գիտակից հայրենասիրության։

Մեկօրյա դպրոցների մարտահրավերը. փաստերի շարանից դեպի իմաստավորում

Հատկապես մեկօրյա դպրոցներում ժամաքանակի սահմանափակ լինելը դասավանդողներին հաճախ ստիպում է կենտրոնանալ հիմնական փաստերի հաղորդման վրա։ Արդյունքում պատմությունը երբեմն ընկալվում է որպես «պատրաստի ճշմարտությունների» հավաքածու, այլ ոչ թե որպես ճանաչողական գործընթաց։

Մեր նպատակն է զինել ուսուցչին այնպիսի մեթոդներով, որոնք նույնիսկ սեղմ ժամանակում թույլ կտան աշակերտին դառնալ դասի ակտիվ մասնակից։ Սա հնարավոր է, երբ ուսուցումն ուղեկցվում է աղբյուրների համադրմամբ և հարցադրումներով, որոնք զարգացնում են սովորողի վերլուծական միտքը։

Քննադատական մտածողությունը՝ որպես ինքնապաշտպանական միջոց

Տեղեկատվական հորձանուտում պատմական գիտելիքը նաև հզոր ինքնապաշտպանական գործիք է։ «Իմ հայրենիքը» դասագրքի հիմքում ևս դրված է այն սկզբունքը, որ վերլուծական հմտություններով զինված երիտասարդն առավել պատրաստված է օտար միջավայրում։ Նա կարողանում է ոչ թե պարզապես վերարտադրել դասագրքային տեքստը, այլ հիմնավորված ներկայացնել հայկական տեսակետն ու պատմական իրողությունները։

Պետք է ձգտել կրթել մի սերունդ, որը.

  • Տիրապետում է պատմական փաստերին և հասկանում է դրանց տրամաբանությունը,
  • Ծանոթ է աղբյուրագիտական տարրական մեթոդներին,
  • Պատմությունը դիտարկում է որպես անցյալը ճանաչելու, ներկան հասկանալու և ապագան կանխատեսելու ուղեցույց։

Ամփոփում

Մեր խնդիրն է աջակցել սփյուռքյան կրթօջախներին՝ աստիճանաբար անցում կատարելու լոկ հիշողական ուսուցումից դեպի բանական և քննադատական ճանաչողություն։ Համատեղ ջանքերով հայկական դպրոցը կարող է դառնալ ոչ միայն անցյալի հիշողության պահապանը, այլև ժամանակակից մարտահրավերներին պատրաստ, գիտակից հայի ձևավորման կենսունակ միջավայր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *