ՆՈՐ ՀՈԴՎԱԾ․ ՀԱՄԱՑԱՆՑ ԵՒ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԻՄՆԱԽՆԻՐ
ՆՈՐ ՀՈԴՎԱԾ․ ՀԱՄԱՑԱՆՑ ԵՒ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԻՄՆԱԽՆԻՐ
Ոչ այդքան հեռու 2009 թվականից պատմագիտական առաջին հետազոտություններիս կողքին ինքս իմ համար ի հայտ բերեցի հետազոտական նոր ուղղություն, որը ժամանակի ընթացքում դարձավ գիտական աշխատանքներիս կարևոր ուղղություններից մեկը։ Այն միավորեց համացանցի հետ կապված մի շարք մասնագիտական գիտելիքներն ու պատմագիտությունը՝ դառնալով յուրօրինակ միջգիտակարգային ուղղություն։ Այն անվանում եմ Վիրտուալ հայագիտություն (վիրտուալ բառը իբրև համացանցային տերմին – Մ․Հ․)։ Այսինքն, հետազոտական ուղղություն, որը ուսումնասիրում է հայագիտության տարբեր հիմնախնդիրների ներկայացվածության աստիճանը համացանցում և տալիս համապատասխան գնահատականներ անհրաժեշտ գործնական քայլեր իրականացնելու համար։ Այս ուղղությամբ հասցրել եմ համալսարանական դասավանդման ծրագիր (Հայագիտության արդի մարտահրավերները համացանցում) պատրաստել և հրատարակել մի շարք հոդվածներ։ Մի քանի օր առաջ հրատարակվեց հիշյալ ուղղությանը պատկանող իմ հոդվածներից մեկը՝ «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ներկայացվածության որոշ հարցեր Համացանցի ադրբեջանական տիրույթում»։
Հոդվածի մասին հակիրճ պատկերացում կազմելու համար ծանոթացեք սույն ամփոփմանը։
Հայոց երկու պետությունների նորօրյա մարտահրավերներից մեկը շարունակում է մնալ Ադրբեջանի կողմից վարվող ապատեղեկատվական քարոզչությունը, որում իր ուրույն տեղն է զբաղեցնում համացանցում տարածվող պատմագիտական բովանդակությամբ ապատեղեկատվությունը: Վերջինիս արդյունավետության գործակիցը պարզելու համար իրականացվել է համացանցում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի պատմագիտական հարցերի ներկայացվածության արդի վիճակի գնահատումը: Առհասարակ, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի պատմագիտական հարցերն ընդգրկող մասնագիտական գրականությունը համացանցում շարունակ որոնողական համակարգերի առաջին հորիզոնականներում է հայտնվում, երբ Արցախի վերաբերյալ թեմատիկ որոնում է իրականացվում: Դիտարկումները ցույց են տալիս, որ ադրբեջանական կողմը համացանցում արտաքին աշխարհի համար Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի թեմայով նմանօրինակ քարոզչությունը առավել հաճախ իրականացնում է անգլերեն և ռուսերեն լեզուներով: Այդ քարոզչությունն առաջ տանող կայքերը կարելի է բաժանել առաջնային և երկրորդական խմբերի: Դրանցում առկա գրականությունը հիմնականում շատ ընդհանուր մեթոդաբանություն ունի և հաճախ է հանդիպում երկու խմբերում: Ադրբեջանի իշխանական կառույցները ակտիվորեն ուղղորդում են առաջնային խմբի կայքերին: Սակայն, իրականացված թեմատիկ մշտադիտարկումները ցույց են տալիս, որ հակառակ ադրբեջանական կողմից տարվող ծավալուն աշխատանքների՝ նման կայքերի՝ ապատեղեկատվություն պարունակող գրականությունը թիրախային լսարանի համար համացանցում հասանելիության շատ ցածր ցուցանիշներ ունի:
Հոդվածը ամբողջությամբ կարող եք կարդալ ԱՅՍՏԵՂ։
Ծանոթացեք նաև այս ուղղությամբ իմ հրատարակած այլ հոդվածների՝
- Համացանցային քարոզչության հակահայկական դրսևորումները, «Հայագիտական միջազգային երկրորդ համաժողով. Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրավերները: Զեկուցումների ժողովածու», Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2014, էջ 121-124:
- Հայագիտութեան ներկայացուածութեան հիմնախնդիրները համացանցում, «Հայկական Անդրսահմանային Տարածականութիւնը Եւ Արդի Հաղորդակցական Միջոցները» Գիտաժողովի Նիւթեր, Haigazian University Press, Պէյրութ, 2014, էջ 223-231:
- Համացանցի հայագիտական ռեսուրսները Հայաստան-Սփյուռք գիտակրթական գործակցության համատեքստում, «Սփյուռքագիտություն», տարեգիրք, Երևան, 2012, էջ 142-151:
- Հայոց ցեղասպանության ներկայացման խնդիրները համացանցում, «Պատմություն և մշակույթ», հայագիտական հանդես Ա, Երևան, 2011, էջ 94-101: