ԳՐԱՌՈՒՄՆԵՐՍՓՅՈՒՌՔ

Սփյուռքի մարտահրավերների (և ոչ միայն) շուրջ «Ասպարեզ» օրաթերթին տրված հարցազրույցը․ Մհեր Հովհաննիսյան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՊԱՏՄԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵԿԾԱՆՈՒ, ԵՐԵՒԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԴՈՑԵՆՏ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈՅԻ «ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔ» ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴԱՇԱՐԻ ՀԵՂԻՆԱԿ, ՎԱՐՈՂ ՄՀԵՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԵՏ
Վարեց՝ Նանե Ավագյանը
ՆԱՆԵ ԱՎԱԳՅԱՆ.- Ազգային Վարժարանների Խնամակալ Մարմնի հրավերով Կալիֆորնիայում էիք: Ո՞րն էր Ձեր այցի նպատակը:
ՄՀԵՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ.- Այցիս նպատակը Ազգային առաջնորդարանի  վարժարանների Հայոց պատմություն առարկայի ուսուցիչների հետ 5-րդ դասարանի հայրենագիտական բնույթի՝ իմ հեղինակած դասագրքի շուրջ մասնագիտական դիտարկումներ իրականացնելն ու անհրաժեշտ դասախոսություններ կազմակերպելն էր: Առիթից օգտվելով՝ շնորհակալություն եմ ուզում հայտնել Խնամակալ Մարմնին՝ հանձինս ատենապետուհի Լիզա Կապուտյանի և մյուս հարգարժան գործընկերների արդյունավետ համագործակցության համար։
ՆԱՆԵ ԱՎԱԳՅԱՆ.- Այսօր հայապահպանության տեսակետից բավարար աշխատանք տարվում է Սփյուռքում։ Ի՞նչ խնդիրներ եք տեսնում այս մասով։
ՄՀԵՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ.- Սփյուռքում հայապահպանության աշխատանք միշտ տարվել ու այսօր էլ տարվում է։ Ժամանակին այդ աշխատանքը հիմնականում ընկած էր Սփյուռքի կառույցների ուսերին։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը, կարծեք թե, փորձում է այդ պատասխանատու աշխատանքի մի փոքրիկ մասը իր վրա վերցնել։ Սա որպես ընդհանուր վիճակի նկարագիր։ Սակայն խնդիրները ավելի խորքային են։ Սփյուռքի դասական հատվածի գոյության ընթացքում հայապահպանության հարցում նոր մարտահրավերներ են ի հայտ եկել։ Քաղաքական և կրոնական տարբեր երանգներ ունեցող Հայ սփյուռքի դասական հատվածը առնվազն հայապահ­պա­նության հարցում իր ներուժը միավորելու կարիք ունի։ Իր հերթին հետխորհրդային հանրապետություններում ևս այս հարցի հետ կապված պատկերը կրկնակի անմխիթար վիճակում է գտնվում։ Մյուս կողմից ՀՀ պատկան կառույցները կարիք ունեն Սփյուռքի հետ հայապահպանության հարցում առավել էական գործակցության անցնել։ Հայապահպանության հարցում, ըստ իս, Սփյուռքում առկա հիմնական մարտահրավերներից հարկ է առանձնացնել հայեցի դաստիարակության հարցը։ Այն անհրաժեշտ է երկու հիմնական մասերի բաժանել․ կրթական և մշակութային։ Հարցի կրթական մասի գլխավոր խնդիրներ են հանդիսանում հայեցի դաստիարակություն ապահովող դպրոց ստեղծելն ու պահպանելը, ուսուցչական կազմը վերաորակավորելը և անհրաժեշտ երիտասարդ մասնագետներով համալրելը, հայագիտական առարկաների մասով Սփյուռքի առանձնահատկութ­յուն­ները հաշվի առնող չափորոշիչների ու առարկայական ուղեցույցների, դասագրքերի պատրաստելը։ Հարթ չէ պատկերը նաև մշակութային ասպարեզում։ Հայ մշակույթը Սփյուռքի մեր հայրենակիցներին և, հատկապես, մատղաշ սերնդին անհրաժեշտ չափով և որակով մատուցելը պակաս կարևոր չէ կրթական հիմնախնդիրներից։ Ավելին, դրանք փոխլրացնող հարցեր են։ Այս մարտահրավերները լուրջ և գործնական քայլեր ենթադրող աշխատանք են ենթադրում, որոնք մեծ ներդրումների և մասնագիտական կարող ներուժի կենտրոնացման հետ են կապված։ Հարցը ավելի է սրվում, քանի որ այս ուղղություններով միջին վիճակ հասկացություն չկա։ Սփյուռքում, ինչպես վերը նշեցի, տարբեր մակարդակներում գտնվող իրավիճակներ կան։ Նույնիսկ հայեցի կրթական միջավայրի ապահովման հարցով Սփյուռքի առավել կայուն համայնքներն այսօր վերոհիշյալ մարտահրավերների առջև են կանգնած։ Եթե դրանք ինքնահոսի տրվեն և յուրաքանչյուրը իր իմացածի և ունեցածի չափով լուծումներ կատարի, ապա մոտ ապագայում Սփյուռքում ձուլման գործընթացների առավել մեծ օրինակներ ենք արձանագրելու։
ՆԱՆԵ ԱՎԱԳՅԱՆ.-Դուք առիթ ունեցաք նաեւ այցելելու հանրային եւ մասնավոր վարժարաններ: Ինչպե՞ս եք գնահատում հայոց պատմության եւ լեզվի կրթության որակը:
ՄՀԵՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ.- Ուրախությամբ տեղեկացա, որ Կալիֆորնիայի հանրային որոշ դպրոցներում ուսուցանում են ոչ միայն հայոց լեզու, այլ նաեւ՝ հայերենով տարբեր առարկաներ, այդ թվում Հայոց պատմություն։ Սա  շատ կարեւոր է առաջին հերթին այն առումով, որ հայեցի դաստիարակության ապահովման հարցում ազգային վարժարանների կողքին ավելացել է փոքրիկ, բայց նշանակալի ևս մեկ հնարավորություն։ Գիտեք, Սփյուռքում կրթական հիշյալ հարցերը տարբեր լուծումներ են ենթադրում։ Դրանցից պետք է օգտվել և դրանք անհրաժեշտ է զարգացնել։ Մյուս կողմից, սակայն, այս հարթակում ևս տեսանելի են որոշ խնդիրներ։ Ազգային վարժարանների համեմատությամբ այս հարթակում ավելի շատ հայ աշակերտներ են սովորում։ Սակայն հայերենով դասավանդումը, ցավոք, հասանելի չէ տեղի հանրային դպրոցներում սովորող մեծաթիվ հայ աշակեր­տության համար։ Անորոշ է դասագրքերի հարցը։ Այստեղ մեծ մասամբ կիրառում են հայաստանյան աշակերտական լսարանի համար նախատեսված դասագրքե­րը։ Ուսուցչի ուսերին է ընկած դասագրքերի «հարմարեցման» աշխա­տանքը։  Ինչպես տեսնում եք առկա են խնդիրներ, որոնք համալիր լուծումներ են պահանջում։ Այնուամենայնիվ, այս հարթակի հանրային լինելու հանգամանքը մոտեցման որոշակի ճկունություն է ենթադրում, որը հենվում է հետևյալ սկզբունքի վրա․ զարգացնել՝ չվնասելով եղածը։
ՆԱՆԵ ԱՎԱԳՅԱՆ.- Ձեր կարծիքով, որո՞նք են այսօր Սփյուռքի առաջնային մարտահրավերները:
ՄՀԵՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ.- Ըստ էության, այսօր Սփյուռքին առնչվող երկու հիմնական մարտահրավեր կա՝ հայրենադարձություն եւ հայապահպանություն։ Եկեք լինենք իրատեսական։ 21-րդ դարում դժվար է համոզել սոցիալապես ապա­հով պայմաններում ապրող մեր հայրենակիցներին ուղղակի տեղափոխվել հայրե­նիք։ Ակնհայտ է, որ նման քայլի հաջողության համար անհրաժեշտ է համապա­տասխան պայմաններ ապահովել։ Մյուս կողմից, կարծում եմ, մենք պետք է մտածենք հայրենադարձության ոչ ուղղակի ձևերի մասին։ Դրանք կարող են արտահայտվել տարբեր ձևաչափերով։ Այստեղ գլխավոր հարցը փոխվստա­հության ապահովումն է։ Մենք պետք է սկսենք իրար վստահել սովորել և դա պետք է ամրապնդվի կոնկրետ օրինակներով։ Հայապահպանության մասով արդեն նշեցի։ Պարզապես հավելեմ, որ այս մասով հաճախ եմ լսում, թե կան հետաքրքիր մտքեր և նախագծեր։ Միայն թե այդ ամենը չպետք է կցկտուր և պարզապես գործի իրականացումը փաստելուն միտված ծրագրեր լինեն։ Մենք, ցավոք, այդքան ժամանակ չունենք։ Ականատես ենք այնպիսի օրինակների, երբ հայ ծնողները տարբեր պատճառներով զավակներին հեռու են պահում հայկական դպրոցից։ Արձանագրում ենք հայոց լեզվի մոռացության մեծ չափի հասնող օրինակներ: Սրա կողքին արևմտահայերենի պահպանման, ուղղագրության հետ կապված և այլևայլ խնդիրներ։ Լուծումները պետք է լինեն համաչափ և հնարավորինս կիրառելի։ Մյուս կողմից այդ լուծումները պետք է լինեն նաև հասցեական։ Այո, թվում է շատ խնդիրներ նման են, բայց իրավիճակային զարգացումներն ու տեղային առանձնահատկությունները լուծումների տարբեր  եղանակներ են պահանջում։ Ավելին, եթե կուզեք այս խնդիրները պահանջում են, այսպես կոչված, արագ արձագանքման խմբի առկայություն։ Մասնագետներ, ովքեր տիրապետում են Սփյուռքի ներկային ոչ թե գրքերի և համացանցային հրապարակումների մակարդակով, այլ կա՛մ ներկայացնում են Սփյուռքի այս կամ այն համայնքն ու կառույցը, առանձին մտավորականներ են, կա՛մ էլ նրանք, ովքեր գործնականում ներգրավված են Սփյուռքի հետ կապված տարաբնույթ ծրագրերում։ Ամենակարևորը, նրանք պետք է տիրապետեն լուծումների բանաձևերին։  
ՆԱՆԵ ԱՎԱԳՅԱՆ.– Դուք անձնապես ներգրավված եք Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման գործում՝ ի դեմս Ձեր թե՛ գիատկրթական և թե՛ լրատվական նախագծերի։ Ի՞նչն առիթ դարձավ որպես հայագետի գործունեություն սկսելու նաեւ այս լրատվության հարթակում:
ՄՀԵՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ.- Սփյուռքը ճանաչելու համար ժամանակին պահանջ ստեղծվեց խոսելու Սփյուռքի հետ։ Դա իրականացնելու առավել կարճ և արդյունավետ տարբերակը Սփյուռքի ձայնը լսելի դարձնելն է թե՛ հայրենիքում, թե՛ հենց Սփյուռքում։ Այո, հենց Սփյուռքում, քանի որ այսօր հայության մեծ մասը գտնվելով հայրենիքից դուրս՝ շատ դեպքերում ծանոթ չէ միմյանց։ Այս կապի հաստատումը լոկ ինքնանպատակ չէ։ Ես համոզված եմ, որ վերոհիշյալ խնդիրներից շատերի հաղթահարումը հնարավոր է նաև համայնքներում կուտակված դրական և բացասական փորձը ճանաչելու միջոցով։ Այս ամենը հասանելի դարձնելու նպատակով ժամանակին ընդունեցի Հայաստանի հանրային ռադիոյի ղեկավարության՝ նոր նախագիծ սկսելու առաջարկը։ Այսպես ծնվեց «Համասփյուռք» հաղորդաշարը։ Արդեն երեք տարի հեռարձակվող ռադիոհաղորդումն ունեցել է 130-ից ավելի թողարկում եւ  սահմանները հասել են Կանադայից մինչև Հնդկաստան: Ծրագրի ընթացքում մեր հայրենակիցները՝ Հայաստանից եւ աշխարհի տարբեր երկրներից, խոսում են Սփյուռքին առնչվող տարբեր խնդիրների, ներկա իրավիճակի մասին: Փորձում եմ լսելի դարձնել տարբեր մարդկանց տեսակետներ՝ ուսանողից մինչև պատասխանատու այրեր։ Կարևորում եմ նաև համայնքները ճանաչելուն միտված թողարկումներս, քանի որ շատ հաճախ տողատակերում կարող եք ինքներդ լսել առօրյա խնդիրների իրական դրսևորումներ։ Մի բան, որը հաճախ քողարկվում է առանձին բանավեճային թողարկումների ժամանակ։
          Ժամանակին անդրադարձա, որ այսօր, ցավոք, հայաստանյան լրատվադաշտում Սփյուռքի թեման ընդհանուր լրատվության շատ չնչին տոկոսն է կազմում։ Հիմնականում հետևողական անդրադարձ է լինում խիստ հրատապ խնդիրների դեպքում, ինչպես օրինակ՝ պատերազմը Սիրիայում և այլն: Սփյուռքի առօրյայի հարցերով, կարծես, այդքան էլ հետաքրքրություն չկա հայրենիքում, եւ նույնիսկ չկա հարթակ, որտեղ կարելի է կարդալ Սփյուռքի ցանկացած համայնքի մասին ամենօրյա տեղեկություններ: Ժամանակին կար «Հայերն այսօր» համացանցային պարբերականը, որը այսօր, ցավոք, չի գործում։  Համասփյուռքի զարգացմանը զուգահեռ միշտ հիշյալ հարցը փորձել եմ զարգացնել։ Վերջապես վճռել եմ սկսել այդ գաղափարի իրագործման կազմակերպումը սեփական ուժերով։ Այսօր գործում է «Spyurk.info» լրատվական-վերլուծական կայքը։ Հավատում եմ, որ այս գաղափարը պետք է հաջողի։ Այն ի վերջո մեր հայրենակիցների բացարձակ մեծամասնության առօրյային է անդրադառնում: Կայքը բաց է բոլոր մեր հայրենակիցների հարապարակումների համար, ովքեր Հայ սփյուռքի տարաբնույթ հարցերի շուրջ ունեն դիտարժան վերլուծություններ և հավաստի նորություններ։   
ՆԱՆԵ ԱՎԱԳՅԱՆ.– Դուք նաեւ ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի դոցենտ եք: Ի՞նչ կարծիք ունեք Հայաստանի Բարձրագույն ուսումնական հաստատությունների ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայոց լեզու եւ հայոց պատմություն առարկաների պարտադիր դասավանդման կետը հանելու օրենսդրական նախաձեռնության մասին։
ՄՀԵՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ.- Ցանկացած բարեփոխում ենթադրում է դրական փոփոխություն։ Այդ փոփոխությունը, սակայն, չպետք է գործնականում ի հաշիվ կասեցումների իրականացվի։ Հիմնական հարցադրումը նրանում է, թե ի՞նչ ենք ցանկանում ստանալ այս բարեփոխման միջոցով: Մեր նպատակը ո՞րն է, որ բարձրացնենք ոչ հայագիտական ֆակուլտետներում մասնագիտական առարկա­ների դասավանդման մակարդա՞կը։ Այսինքն թույլ տանք, որ նույն քիմիկոսը ավելի շատ ժամանակ տրամադրի իր մասնագիտական նյութին։ Ինչպես հասկանում եմ հնչած պաշտոնական տեսակետներից՝ հարցի տրամաբանությունը դա է։ Ուրեմն եկեք անկեղծ լինենք և զուգահեռ ասենք, որ Հայոց պատմության հիմնահարցեր և Խոսքի մշակույթ (դիտարկվող առարկաները ԵՊՀ-ում իրականում այսպես են կոչվում) առարկաները ոչ մասնագիտական ֆակուլտետներում դասավանդվում է միայն բակալավրի առաջին տարում և այն էլ շաբաթական երկու ակադեմիական դասաժամ (մեկ դասաժամի տևողությունը 45 րոպե): Ըստ էության սա կրթական ծրագրում մի չնչին տոկոս է կազմում և նման փոփոխությամբ չեմ կարծում, որ կտրուկ ինչ որ բաներ պետք է բարելավվեն։  Եթե հարցը նրանում է, որ ավելորդ է դասավանդել դպրոցը նոր ավարտած ուսանողի համար նույն բանը, ինչը ինքը անցել է դպրոցում, ապա այստեղ պետք է կրկին վերհիշել, թե ինչ ենք դասավանդում։ Գոնե Հայոց պատմության հիմնահարցեր առարկայի մասով կարող եմ ասել, որ դա պարզապես պատմական տվյալների վերաշարադրում չէ։ Երիտասարդ մասնագետը, անկախ մաս­նագիտության, իբրև քաղաքացի պետք է կարողանա մեր ընդհանուր պատմական անցյալի դասերի վերլուծական հմտություններին տիրապետելով՝ անաչառ դիտարկումներ իրականացնի իր հայրենիքի և հայրենակիցների ներկայի, ինչու չէ նաև ապագայի հարցերի շուրջ։ 
Իրականում, եթե ցանկանում ենք ոլորտային արդյունավետ բարեփոխում­ներ իրականացնել, ուրեմն կասեցնելու փոխարեն գործնական քայլերով նպաստենք դասավանդման որակի, դասախոսական կազմի մասնագիտական մակարդակի և դասավանդվող դասանյութի որակի բարձրացմանը: Հուսամ՝ պատկան մարմինները, կառուցողական մոտեցմամբ առաջնորդվելով, կիրականացնեն մեր գիտակրթական ոլորտի միմիայն զարգացմանը միտված բարեփոխումներ։ 
Աղբյուրը՝ «Ասպարեզ» օրաթերթ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *