ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Հայագիտության կենտրոնի բացում Դոնի Ռոստովում

Հայագիտության կենտրոնի բացում Դոնի Ռոստովում
Փետրվարի 18-ին Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստովի Հարավային դաշնային համալսարանի ռեկտոր Իննա Շևչենկոն և «Նոր Նախիջևան» հայկական համայնքի նախագահ Հարություն Սուրմալյանը ստորագրեցին մի փաստաթուղթ, որը հաստատում է ՀԴՀ Սոցիոլոգիայի և տարածաշրջանագիտության ինստիտուտի կազմում «Հայագիտության կենտրոն» գիտակրթական ստորաբաժանման ստեղծումը։ Օրեր առաջ կենտրոնի բացման մասին որոշում էր կայացրել ՀԴՀ գիտական խորհուրդը։ Կենտրոնի ղեկավար է նշանակվել «Նոր Նախիջևան» հայկական համայնքի գործադիր տնօրեն, պատմ․ գիտ․ թեկնածու Սերգեյ Սայադովը։ Ռուսաստանի Դոնի երկրամասը դարեր առաջ հայահոծ շրջանի է վերածվել, որի զավակների թվում մեծանուն հայեր կան։ Համայնքը մեծ պատմամշակութային ժառանգություն ունի։ Ուստի, տրամաբանական է թվում նման կենտրոնի ձևավորումը հենց Դոնի Ռոստովում։ Ամեն ինչ սկսվեց 2012 թվականին, երբ համայնքի հրավերով Ռոստով ժամանեցին Երևանի պետական համալսարանի պատվիրակները։ Մինչ այդ ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի նախկին փօխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը և համայնքի գործադիր տնօրեն Սերգեյ Սայադովը հեռավար կապով համագործակցության ակտիվ քննարկումներ էին սկսել։ Հովհաննիսյանը Դոնի Ռոստովում ներկայացրեց Սփյուռքում հայագիտական նոր կենտրոններ ստեղծելու և վերագործարկելու մի նախագիծ, որի համաձայն գործընթացը պետք է ծավալվեր տեղի և հայաստանյան համալսարանների, համայնքային կարող կառույցների միջև։ Այդ պահից սկսած՝ կողմերը ջանքեր (1 , 2) գործադրեցին ՀԴՀ-ի հետ նման կենտրոնի բացման ուղղությամբ։ Ճանապարհը բավականին բարդ էր, առկա էին տարաբնույթ խոչընդոտներ, որոնք երկար ժամանակ խանգարում էին կենտրոնի բացմանը։ Նույնիսկ  գործակցության որոշ քայլեր կատարվեցին տեղի մեկ այլ գործընկերոջ՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տեղի մասնաճյուղի հետ։ Այս ճանապարհին հարկ է նշել, որ իր հաստատակամությամբ աչքի ընկավ համայնքի գործունեությունը։ Համայնքի նախագահ Հարություն Սուրմալյանի անմիջական ջանքերի շնորհիվ մի կողմից  հնարավորություններ էին ստեղծվում հայագիտության ասպարեզում ԵՊՀ գործընկերների հետ անհրաժեշտ գործակցություն ծավալելու մասով, իսկ մյուս կողմից էլ աշխատանքներ էին ընթանում առկա վիճակը համակարգված տեսքի բերելու համար։  Արդյունքում, անկախ առկա հարցերից՝ համայնքի և ԵՊՀ միջև ձևավորվեց գիտաճանաչողական և կրթական ասպարեզներում գործակցության մեծ փորձ։ Իրականացվեցին կոլեկտիվ հետազոտական աշխատանքներ, հրատարակվեցին համատեղ աշխատություններ, կազմակերպվեցին կարճաժամկետ կրթական ծրագրեր։ Ինը տարվա այս բեղուն աշխատանքները վերջապես պսակվեցին հաջողությամբ։ Այսուհետ Ռուսաստանի Դաշնությունում կգործի իր տեսակի մեջ եզակի մի կենտրոն, որի կազմում ներգրավված հետազոտողներն արդեն հասցրել են հարուստ փորձ կուտակել։ Հաջողություն մաղթենք կենտրոնին․․․

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *