Uncategorized

Հայոց պատմության հիմնահարցեր դասընթացն այլևս շարունակական

Հայոց պատմության հիմնահարցեր դասընթացն այլևս շարունակական

Սփյուռքն այսօր ինքնության պահպանման և հայրենակենտրոն լինելու մասով շարունակում է լուրջ մարտահրավերներ դիմագրավել։ Այս ճանապարհին մեզանից յուրաքանչյուրն իր առաքելությունն իրականացնելով՝ կարող է կարելիի սահմաններում նպաստ բերել։ 2012 թվականից մասնակից լինելով Սփյուռքի ներկայացուցիչների հետ տարվող տարբեր կրթական ծրագրերի՝ հարուստ մասնագիտական փորձ կուտակվեց։

Ձևավորվել էին տեսլականներ, որոնք մղում էին առավել ինտենսիվ և թիրախավորված իրականացնել մասնագիտական քննարկումներ, տարաբնույթ կրթական ծրագրեր հայրենիքից դուրս, և ինչու չէ նաև, հայրենիքում վերահաստատված մեր հայրենակիցների հետ։

Այս իմաստով կարևոր քայլ դարձավ Դոնի Ռոստովի հայ երիտասարդների հետ առաջին դասընթացի իրականացումը։ 2019 թ․ «Դոնի հայ երտասարդական միության» հետ գործակցաբար գրեթե մեկ տարի ընթացավ ռուսերենով «Հայոց պատմության հիմնահարցեր» խորագրով առաջին դասընթացը։ 

2020 թ․ 44-օրյա պատերազմը եկավ վերահաստատելու մեր միասնությունը կուռ պահելու հրամայականը, որի գլխավոր հենասյուներից մեկը դարձավ սեփական պատմությունը իմանալու և հասկանոլւ հարցը։ Սկզբունքներ, որոնք դրվել էին «Հայոց պատմության հիմնահարցեր» դասընթացի հիմքում։

2021 թ․ մեկնարկեց երկրորդ դասընթացը, որն իր ձևաչափով բաց էր Սփյուռքի բոլոր համայնքների համար։ Ինչպես և նախկինում, դասընթացն ամբողջությամբ անվճար էր, որի մասնակիցների տարիքը 18 տարեկանից բարձր է, իսկ մասնակիցները ոչ թե պատմաբաններ են, այլ մեր պատմությամբ հետաքրքրված հայրենակիցներ։

2022 թ․ նոր դասընթաց ավելացավ։ Սփյուռքի կրթօջախներում Հայոց պատմություն դասավանդող ուսուցիչներին մեթոդական աջակցություն ցուցաբերելու նպատակով կազմակերպվեց և իրականացվեց «Հայոց պատմություն․ տեսություն, դասավանդման մեթոդաբանություն, հմտություններ» խորագիրը կրող քառօրյա երկու դասընթաց։ 

«Հայոց պատմություն․ տեսություն, դասավանդման մեթոդաբանություն, հմտություններ» երկու դասընթացներին մասնակիցների թվում էին ԱՄՆ, Ռուսաստանի, Լիբանանի, Սիրիայի, Իրանի, Էստոնիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Վրաստանի, Ուկրաինայի, Բելոռուսի հայկական կրթօջախներում Հայոց պատմություն դասավանդող ուսուցիչներ։

2022 թ․ շարունակվեց նաև «Հայոց պատմության հիմնահարցեր» դասընթացը, որը թվով երրորդն էր։ Հեռավար դասընթացի այս ձևաչափը հնարավորություն տվեց ոչ միայն քննարկելու մեր հայրենակիցների հետ հայրենի պատմության հիմնահարցերը, այլ նաև մինչ այդ միմյանց չճանաչող, սակայն հայրենի պատմությամբ հավասարաչափ հետաքրքրված հայ մարդկանց միջև հետագա շփումների մաուր կամուրջներ ձևավորել։

Լիահույս ենք շարունակելու նախաձեռնած դասընթացները և միասին ճանաչելու մեր անցյալը, որը իրապես կօգնի մեզ ներկան հասկանալու և ապագան հնարավորինս կանխատեսելու գործում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *