Եկեք հասկանանք հայ գաղթականության հետ կապված եզրույթների բացատրությունը
Հաճախ մասնագիտական և ոչ մասնագիտական դաշտերում քննարկում ենք Հայ սփյուռքի և գաղթականության մասին։ Երբևէ մտածե՞լ եք այդ քննարկումների ժամանակ օգտագործվող եզրույթների իմաստային ընկալումների և իրական նշանակության մասին։ 2017 թվականին լույս է տեսել պատմագիտության դոկտոր Էդուարդ Մելքոնյանի աշխատասիրությամբ «Հայ գաղթականություն։ Տերմինների պատմությունից» մենագրությունը։ Իր գրքում հեղինակը քննարկում է նոր ժամանակներում հայ գաղթականությանը նվիրված հայալեզու տարաբնույթ հրապարակումներում կիրառվող որոշ տերմինների, հասկացությունների, անվանումների ձևավորմանը, բովանդակային համարժեքությանն ու փոխակերպումներին առնչվող հարցեր։
Աշխատության «Առաջաբան»-ում նա գրում է․ «Հայ ժողովրդի պատմությունը տալիս է հազվագյուտ եւ մինչ օրս միայն մասամբ իրագործված հնարավորություն՝ մեկ ժողովրդի օրինակով ուսումնասիրելու զանգվածային արտագաղթերի գրեթե բոլոր հայտնի տեսակները, ինչպես նաեւ վտարանդիների եւ փախստականների հարենադարձությունը՝ հայրենի տարածքի մեկ այլ մասում ստեղծված հայրենի պետություն։ Այս աշխատանքի հիմնական նպատակն այլ է՝ քննել նոր ժամանակներում հայ գաղթականությանը նվիրված հայալեզու տարաբնույթ գրականության մեջ կիրառվող որոշ տերմինների, հասկացությունների, անվանումների ձեւավորմանը, բովանդակային համարժեքությանն ու փոխակերպումներին առնչվող հարցեր։ Սփյուռքին, առհասարակ հայ գաղթականությանը նվիրված գրականությանը ծանոթանալիս ակամա ծագում են հարցեր. օրինակ` ինչո՞ւ նույն երեւույթներն ունեն տարբեր անվանումներ, ինչո՞ւ տարբեր հեղինակներ տարբեր կերպ են հասկանում եւ կիրառում միեւնույն տերմինը, հասկացությունը կամ անվանումը, ինչո՞ւ են արդեն եղածների փոխարեն ստեղծվում նորերը, եւ այդ ամենը պայմանավորվա՞ծ է անցյալի եւ ներկա իրականության յուրահատկություններով, թե՞ ունի այլ բացատրություն։ Դեռեւս անցած դարում ակնհայտ դարձավ, որ առատ փաստերի հավաքածուն ինքնին չի ձեւավորում գիտություն եւ անցյալի ամբողջական պատկեր. դա հնարավոր է միայն նույն այդ փաստերի վերլուծության միջոցով։ Հայերից առաջիններից մեկը, ով ձեւակերպեց նման մոտեցման անհրաժեշտությունը, գրող եւ ազգային գործիչ, 1915 թ. ցեղասպանության զոհ Գ. Օզանյանն էր։ Իր «Ազգապատում» գրքում նա նշում է. «Մենք կը խորհինք թէ ազգի մը իսկական պատմութիւնը այն չէ, զոր կու տան դասագիրքերը՝ անուններու, դէպքերու եւ թուականներու յաջորդականութեամբ մը, այլ այն՝ որ կ’ընդգրկէ նոյն ցեղին պատմութեան մէջ տիրող ընդհանուր ոգին, ձգտումը եւ սեփական նկարագիրը, վերլուծելով պատմական բոլոր եղելութիւնները եւ անոնցմէ հանելով եզրակացութիւններ»։ Երեսուն տարի անց ֆրանսիացի պատմաբան Մ. Բլոկը կարծես շարունակելով գրել է. «…որեւէ վերլուծություն, նախ եւ առաջ, կարիք ունի գործիքի՝ համապատասխան լեզվի, որը ընդունակ կլինի ճշգրտորեն պատկերել եւ բնութագրել փաստերը, պահպանելով նոր հայտնագործումներին հարմարվելու ճկունությունը… առանց անորոշ եւ երկիմաստ տերմինների։ Հենց դա է մեր թույլ տեղը»։ Եւ որպես արդարացում՝ «Չմոռանանք, որ պատմությունը դեռեւս կայացման գործընթացում գտնվող գիտություն է»։ Դեռեւս 1912 եւ 1942 թթ. գրված այս տողերը շատ արդիական են արդի հայ պատմագիտության համար։ Այս գիրքը եղած տերմինների, անվանումների մեկնաբանման հնարավոր տարբերակներից մեկն է, ոչ ավելին»։